Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը համեմատել է Ռուսաստանի ու Արևմուտքի դիմակայությունը հունական քաղաք-պետություններ Սպարտայի ու Աթենքի թշնամանքի պատմության հետ։ Sunday Times-ին տված հարցազրույցում նա ասել է. «Ես կարդացել եմ Ֆուկիտիդեսի Պելոպոնեսյան պատերազմի պատմությունը։ Ակնհայտ է, որ Աթենքը իր դեմոկրատիայով, բացությամբ, մշակույթով ու քաղաքակրթությամբ ԱՄՆ-ի ու Արևմուտքի անալոգն է: Ռուսաստանն ինձ համար եղել է փակ, անբարյացակամ, միլիտարիստական ու հակադեմոկրատական, ինչպես Սպարտան»։
Ջոնսոնը նշել է, որ Մոսկվայի ու Արևմուտքի հարաբերություններում եղավ «հույսի ու փոփոխությունների պահ»` Բեռլինյան պատը քանդվելուց հետո, բայց ընթացիկ ճգնաժամի պայմաններում հարաբերությունների այդ փուլը թվում է «բացարձակ պատրանք»։ Իբրև Արևմուտքի շահերին Ռուսաստանի թշնամանքի օրինակ Ջոնսոնը նշեց Ղրիմի շուրջ իրադարձությունները 2014-ին` հավելելով Բալկաններում Մոսկվայի ապակայունացնող ակտիվությունը։ Այնուհանդերձ` նա վստահ է Մոսկվայի հետ երկխոսության անհրաժեշտությանը: «Մենք պետք է հաստատակամ ու զգոն լինենք, բայց պետք է փոխգործակցենք։ Միասին մենք ջախջախել ենք նացիզմը։ Մենք պետք է նորից համագործակցենք, որ ջախջախենք իսլամական ահաբեկչությունը՚` ասել է Ջոնսոնը։ Sunday Times-ի տվյալներով` Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Մոսկվա է մեկնելու դեկտեմբերի 21-ին։
Հ.Գ. Օրինակը Բորիս Ջոնսոնի պես դիվանագետի համար այնքան էլ պատվաբեր չէ` Պելոպոնեսի պատերազմը Հին Հունաստանում մ.թ.ա 431-404 թվերին էր։ Դելոսի միությունը Աթենքի գլխավորությամբ դիմակայում էր Սպարտայի ղեկավարած Պելոպոնեսի միությանը։ Պատերազմում հաղթեց Սպարտան։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ